Հարսանեկան կերպարը ամենապահանջված, իսկ կերպարը կառուցող մասնագետների տեսանկյունից՝ ամենապատասխանատու գործերից մեկն է։ Այս անգամ որոշեցինք Աշխենի հետ զրուցել հարսանեկան դիմահարդարման առանձնահահատկություններից, փորձել հասկանալ թե ինչ կերպարի են ձգտում մեր ապագա հարսնացուները ու թե ինչպես կարելի է լավագույնս ստանալ այն։
Հարսանեկան կերպարը դիմահարդարման, վարսահարդարման, հագուստի ու տրամադրության համադրությունն է ու պետք է դիտարկվի ամբողջության մեջ։ Ճիշտ կերպար ստանալու համար պետք է գտնել հետևյալ հարցերի պատասխանները․
Ինչպիսի՞ գգացողություն ու տրամադրություն պետք է փոխանցի հարսնացուն։
Հագուստի, վարսահարդարման, դիմահարդարման ու աքսեսուարների ինչպիսի՞ ընտրությունը հարսնացուին կտա ճիշտ չափումներ։
Ո՞ր դետալները մոդայիկ կդարձնեն կերպարը։
Ի՞նչ նյութեր է պետք օգտագործել դիմացկուն ու հարմար կերպար ստանալու համար։
Զգացողություն․
«Իմ պատկերացմամբ, հարսնացուն հնարավորինս երազկոտ ու սիրահարված տեսք պիտի ունենա, չէ՞ որ հարսանիքի օրը հեքիաթային ու նույնիսկ միստիկ օր է, երբ զույգը հավերժական կապերով միացնում է իրենց սերը։ Կարծում եմ, որ պետք է կարողանալ հարսանեկան կերպարով փոխանցել զույգի սիրահարվելու պահին ստացած տպավորությունը», ասում է Աշխենը։
Եվ իսկապես, քանի որ դիմահարդարման ու վարսահարդարման միջոցով կարելի է մոտ տասը տարով տեսողականորեն երիտասարդացնել կամ ընդհակառակը՝ տարիք ավելացնել մարդուն, հարսանեկան կերպար ստեղծելիս պետք է նաև հաշվի առնել զույգի տարիքային տարբերությունը։ Հարսանիքի օրը կինը պետք է երիտասարդության ու անմեղության մարմնացումը լինի, որպեսզի հավատալի լինի ստեղծվող ընտանիքի երջանկությունը։
Ճիշտ չափումներ․
Զույգի ընդհանուր տեսքից անցում կատարենք հարսնացուի կերպարի կառուցվածքային դետալներին։ Այստեղ առաջ է գալիս դիմահարդարումը, վարսահարդարումը, աքսեսուարներն ու հարսանեկան զգեստը միմյանց ճիշտ համապատասխանեցնելու խնդիրը։
«Եթե աղջիկն ընտրել է «թագավորական», ուռուցիկ զգեստ ու ճոխ թագ, պետք է համարժեք ճոխ դիմահարդարում կամ վարսահարդարում ընտրել։ Սա ճիշտ է նաև հակառակ դեպքում՝ եթե զգեստը թեթև ու միաշերտ է, վարսահարդարումն ու դիմահարդարումը չպետք է դոմինանտ լինեն, այլապես տպավորություն կստեղծվի, թե հարսնացուն դեռ չի հագել հարսանեկան զգեստը»։
Փաստորեն կերպարի բաղկացուցիչ մասերը պետք է դիտարկել հավասարակշռության մեջ։ Դետալները ոչ թե պետք է ճչան ու խանգարեն իրար, այլ հաջողությամբ լրացնեն միմյանց՝ ստեղծելով ներդաշնակ կերպար։
Անհատական կերպար․
Հարսանիքն այնպիսի տոնակատարություն է, որի մասին ցանկանում ես երկար հիշել։ Քանի որ հարսանեկան «ֆիլմը» դեռ երկար տարիներ դիտելու եք ու, ամենայն հավանականությամբ, ցանկանալու եք ցույց տալ հաջորդ սերունդներին, լավագույնը կերպարային ու դիզայներական լուծումներում կլասիկ տարբերակներ ընտրելն է։ Ժամանակակից դետալներն, իհարկե, ընդունելի են, սակայն չափից դուրս մոդայիկը մի քանի տարի ու նույնիսկ մի քանի ամիս անց ժամանակավրեպ ու երբեմն նույնիսկ անտեղի տեսք է ունենում։
Երեկոյան դիմահարդարման դեպքում կարող ես կերպարանափոխվել ինչպես ցանկանաս, օգտագործել ամենատարբեր մոդայիկ դետալներ, լինել հնարավորինս կրեատիվ ու ձգտել նմանվել քո ցանկացած կերպարին։ Հարսանեկան դիմահարդարումը, այնուամենայնիվ, պետք է հնարավորինս նման լինի աղջկա իրական տեսքին։ Սա է պատճառը, որ հարսանեկան դիմահարդարման համար ապահով տարբերակ է բազային դիմահարդարումը՝ nude, մաշկագույն, վարդագույն երանգներում։
Ձգտումը դեպի կլասիկ լուծումներ, սակայն, չպետք է խանգարի հարսնացուի ինքնաարտահայտմանն ու տանի դեպի նույնանման հարսնացուների բանակի։ Յուրաքանչյուր հարսնացու անհատականություն է ու հետևաբար հարսանեկան կերպարը չի կարող կրկնօրինակում լինել։ Անհատականության հասնելու համար կարելի է օգտագործել հարսնացուի՝ առօրյայում հաճախ օգտագործվող կերպարային էլեմենտը։ «Օրինակ եթե աղջիկը սովորաբար կարմիր շրթներկ կամ աչքի ներսում սև մատիտ է օգտագործում, չես կարող հարսանեկան դիմահարդարման համար nude երանգի շրթներկ առաջարկել, այլապես աղջիկը վատ իմաստով անսովոր տեսք կունենա։ Նույնիսկ կարող են հարցնել, թե արդյո՞ք հիվանդ չէ՞»,-ասում է Աշխենը։ Ի դեպ, հարսանեկան կերպարում կարմիր շրթներկի տեղին լինելը մեծ հաջողությամբ ցուցադրվեց Աշխենի անցած տարվա սեմինարի ժամանակ։
Դիմացկուն ու հարմար․
Հարսանեկան դիմահարդարման առանձնահատկություններից է նաև այն, որ այն պետք է լինի ավելի դիմացկուն ու հարմար, քան սովորական երեկոյան դիմահարդարումը։ Հարսնացուները միջինում 12 ժամ ու երբեմն նույնիսկ ավելի երկար ստիպված են լինում կրել իրենց դիմահարդարումն ու վարսահարդարումը։ Որպեսզի այդ կարևոր օրը ոչինչ չփչացնի, մասնագետները հավելյալ պատասխանատվությամբ են աշխատում լավագույն արդյունքի համար՝ օգտագործելով նյութեր ու տեխնիկաներ, որ մաքսիմալ արդյունք կտան։
«Մեր գործը շատ է հեշտանում, երբ նախապես ծանոթանում ենք մեր հարսնացու-հաճախորդներին, տեսնում ենք մաշկը, պարզում ենք տեխնիկական ու ոճային նախասիրությունները։ Բացի դրանից, շատ հաճախ, երբ նախապես հանդիպած չենք լինում հաճախորդին, վերջին պահին բախվում ենք դեմքի խնամքի ու մազածածկույթի հետ կապված խնդիրների, որ հնարավոր չի լինում ամբողջապես շտկել դեկորատիվ դիմահարդարմամբ։ Բյութի Ֆաբրիքի հարսանեկան փաթեթները կազմել ենք հենց այդ նպատակով՝ հաճախորդին ու մեր սրահի մասնագետներին մի քանի քայլով նախապատրաստել հարսանեկան տոնակատարության օրվան՝ դեմքի խնամքից ու մատնահարդարումից մինչև ամենավերջին դեկորատիվ դետալ»։
Այսպիսով՝ հարսանեկան ռոմանտիկ կերպարի ստեղծումը բազմաշերտ ու շատ անհատական գործընթաց է, բայց եթե մի կողմ թողնենք տեխնիկան ու դետալները, Ձեր կերպարի ամբողջականությունը թերի կլինի առանց լավ տրամադրության, ինքնավստահության ու ներդաշնակության, իսկ Բյութի Ֆաբրիքում բոլորս ձգտում ենք հենց այդ ամբողջական կերպարին։
Ի դեպ, այս հոդվածի առիթով թարմացրել ենք նաև մեր պորտֆոլիոյի հարսանեկան դիմահարդարման ու հարսանեկան վարսահարդարման էջերը, այնպես որ ոգեշնչում գտնելու համար կարող եք անցնել նշված հղումներով։
Եթե հավանեցիք հոդվածում ներկայացված մտքերը ու կարծում եք, որ դրանք կհետաքրքրեն Ձեր ընկերներին, տեղադրեք հոդվածը Ձեր սոցիալական ցանցերում։