Բյութի Ֆաբրիքի պատմությունը
Դիմահարդար Աշխեն Կոստանդյանի տասը տարիների աշխատանքի արդյունքում ծնվեց սեփական սրահն ունենալու գաղափարը, որն իրականություն դարձավ 2011 թվականին: «Սրահ բացելու գաղափարը վաղուց կար, սակայն իրականություն դարձավ հապճեպ որոշում կայացնելու արդյունքում: Որոշումը եղավ փետրվարի սկզբին. ամսի 10-ին արդեն սկսվեցին շինարարական աշխատանքները և, ի հեճուկս ձմռան ցրտին ու տարածքի ծայրահեղ անմխիթար վիճակին, մարտի կեսերին սրահում սկսեց հավաքվել աշխատակազմը: Ապրիլի 1-ին արդեն Բյութի Ֆաբրիք սրահ - ստուդիան բացեց իր դռները»,- պատմում է Աշխեն Կոստանդյանը:
Մի փոքր շինարարական աշխատանքների մասին
Տարածքը գտնվում է Աբովյան քաղաքի սրտում՝ Հանրապետության 30 հասցեում: 1970- ականներից մինչև 80-ականների կեսը տարածքում գործել է Աբովյանի ոսկերչական զարդերի խանութը, այնուհետև մինչև 90-ականների կեսը աշխատել է որպես ավտոպահեստամասերի խանութ: Տարածքը հաջորդիվ մասնակի աշխատել է մինչև 1999 թվականը, որից հետո 12 տարի մատնվել է պարապուրդի: Վարձակալելու պահին այնտեղ չկար կոմունալ ոչ մի հարմարություն: Առաջինը վերականգնվեց ջրի և էլեկտրականության մատակարարումը, որից հետո մեկնարկեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները: Շնորհիվ հմուտ վարպետների ջանքերի, մոտ 40 օրում տարածքը ձևափոխվեց, հարդարվեց և դարձավ, հաճախորդների կարծիքով, մարզի ամենագեղեցիկ սրահներից մեկը: Ձևավորման բոլոր գծագրական աշխատանքներն իր վրա վերցրեց հենց Աշխեն Կոստանդյանը: Սրահը երկրորդ անգամ ձևափոխվեց և վերանորոգվեց 2014 թվականին:
Սրահի բերած նորամուծությունների մասին
Բյութի Ֆաբրիքը առաջինն էր քաղաքում, որտեղ ներդրվեց սրահի ադմինիստրատոր հասկացությունը: Սրահը քաղաքում առաջինն էր նաև, որը դուրս եկավ սոցիալիստական ժամանակների ստանդարտներից և շեշտը դրվեց մաշկի խնամքի վրա, իսկ մասնագետների քանակական առավելությունը տրվեց դիմահարդարներին և դեկորատիվ դիմահարդարներին:
Բյութի Ֆաբրիքը նաև այն եզակի սրահներից է, որի աշխատակազմը ստեղծման օրից մինչ այսօր աշխատում է նույն կազմով, ինչը տնօրինության հպարտության ևս մեկ առիթ է: Ստեղծման առաջին իսկ օրվանից սրահի տնօրենի գլխավոր պահանջը եղել և մնում է ընտանիքի գաղափարը աշխատանքի կազմակերպման հիմքում, ինչը, նրա կարծիքով, սրահի առողջ կենսագործունեության և գրանցվող նորանոր հաջողությունների հիմքն է: